Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Դու բնությունը պապիցդ վերցրել ես համեմատաբար մաքուր, հիմա պոլիէթիլենային աղբով տալիս ես թոռանդ»

«Դու բնությունը պապիցդ վերցրել ես համեմատաբար մաքուր, հիմա պոլիէթիլենային աղբով տալիս ես թոռանդ»
18.09.2016 | 12:25

Երևանյան որոշ սուպերմարկետներում հաճախորդների համար պոլիէթիլենային տոպրակները վճարովի են: Հայաստանում տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ կամ մեկ բնակչի հաշվով մոտ 0,25 կգ: Աշխարհում պոլիէթիլենային տոպրակների մոտ 50 տոկոսը սպառվում է սուպերմարկետներում: Պատահական չէ, որ արգելանքները սկսվում են այստեղից:

Խանութների ցանցերի և արտադրությունների բիզնես կառավարման փորձագետ ՎԱՀԵ ԱՅՎԱԶՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ էկոլոգիայի պահպանման խնդիր է դրված.

«Արվել է շատ փոքր քայլ: Շատ երկար ժամանակ է պետք, որ պոլիէթիլենային տոպրակը բնության մեջ լուծվի: Պոլիէթիլենային աղբի պատճառով տարեկան մոտ մեկ միլիոն թռչուն և տասնյակ հազարավոր ծովային կենդանիներ են սատկում: Տեսե՞լ եք, օրինակ Մարտունու ճանապարհին թփերի ու ծառերի վրա որքան տոպրակ կա, կարծես տոպրակի ծառեր լինեն: Որքան հիշում եմ, պոլիէթիլենային տոպրակն արտադրվել է 1957-ին` ԱՄՆ-ում, հիմնականում դրանցով փաթեթավորում էին սենդվիչները: Թե՛ Ամերիկայում, թե՛ աշխարհում գործածվում էր շատ քիչ: Բայց 20 տարի անց միայն Եվրոպայում տարեկան 12 միլիոն պոլիէթիլենային տոպրակ էր արտադրվում: Այսօր դրանց թիվը հասնում է 5 տրիլիոնի: Կոպիտ հաշվարկով` օրական 14 միլիարդ պոլիէթիլենային տոպրակ է սպառվում: Աշխարհում 7 միլիարդ մարդ կա, ուրեմն օրական մեկ հոգին երկու տոպրակ գցում է բնության մեջ: Իսկ դա արդեն սարսափելի է: Մտնում ես սուպերմարկետ, աղցանների երեսին պոլիէթիլային թաղանթներ են, հարյուր գրամ կոնֆետը տոպրակի մեջ է, շաքարավազը` նույնպես, օդանավակայանում պայուսակների փաթեթավորումը, բեռնափոխադրումների ժամանակ` պադոնները և այլն: Դա դեռ միայն տոպրակները: Դու բնությունը պապիցդ վերցրել ես համեմատաբար մաքուր, հիմա պոլիէթիլենային աղբով տալիս ես թոռանդ»:

«Ինչո՞ւ հանկարծ սուպերմարկետների տերերը որոշեցին պահպանել բնությունը: Խնդրի կարգավորման պետական մեխանիզմներ կարծես թե չեն մշակվել»,- հետաքրքրվեցի: «Նման բաները լինում են կամ պետական մասշտաբով (Ազգային ժողովի, կառավարության որևէ կառույցի, որևէ նախարարության կողմից) կամ ՀԿ-ների կողմից, որն էլի վերջում պետականորեն հաստատվում է: Աղբյուրը չգիտեմ որտեղից է, բայց ողջունում եմ: Եթե հարցնում եք` ինչո՞ւ հանկարծ որոշեցին, ես էլ հարցնում եմ` ինչո՞ւ մինչև հիմա չէին անում այս քայլը, երբ աշխարհի 40 երկրում պոլիէթիլենային տոպրակը վճարովի է կամ օգտագործման սահմանափակումներ ու տուգանքներ կան: Աշխարհում համատարած պայքար է ընթանում պոլիէթիլենային տոպրակների, ՊԷՏ շշերի, տարաների դեմ`տարատեսակ տուգանքների ու արգելանքների միջոցով: Անգամ Տանզանիայում տոպրակ ներմուծելու համար 2,000 դոլար տուգանք է սահմանված: Փորձը ցույց է տվել, որ երբ տոպրակը վճարովի է դառնում, 86-94 տոկոսով սպառումը նվազում է»:

Կառավարման մասնագետը հիշեցրեց, որ մեր տատիկներն առևտուր էին անում կանաչ շորի տոպարկներով, կաթ ու մածուն գնելու համար օգտագործում էի ցանցե տոպրակներ: Դրանք կարելի է երկար օգտագործել` մինչև մաշվելը. «Պոլիէթիլենային տոպրակի համար մեկ օրում վճարում ես 10 դրամ, տարեկան` 3600 դրամ: Կտորից տոպրակների համար վճարիր 3000-4000 դրամ: Դա՞ է լավ, թե որ հետո քո սերունդները, քո թոռները վճարեն իրենց առողջությամբ: Ասում են` Հայաստանում տեղական բիզնես չկա, ես լավ բիզնես ծրագիր եմ առաջարկում, թող անհատները կամ կազմակերպությունները արտադրեն ու վաճառեն բազմանգամյա օգտագործման տոպրակներ` բնապահպանական կարգախոսներով: Դրանց համար հնարավոր է նաև ստանալ պետական հովանավորություն կամ դրամաշնորհներ»:

Նկատեցի, որ հակառակ մշակույթ է ձևավորվել. շատերը անհարմար են զգում տոպրակը ձեռքին սուպերմարկետ մտնել: «Մշակույթը օդից չի գալիս, ձևավորվում է,- ասաց Վահե Այվազյանը:- Խորհուրդ կտայի, որ սուպերմարկետները, որոնք սեփական տոպրակների վրա գրում են իրենց անունը, հակառակ կողմում բնությունը, սերունդների առողջությունը պահպանելու կարգախոսներ փակցնեն: Եվ այդ տոպակը տեսնելով, ոչ թե կասեն` տասը դրամի համար տոպրակով է գնումներ անում, այլ կասեն` շատ լավ մարդ է, կտորից տոպրակով է գնումներ անում, որ բնությունը պահպանվի»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 125272

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ